Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով, այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին:
«Ամոթ է, ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։
Ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել (աղբյուր 1, 2):
Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:
Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:
Նշենք, որ ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։