Amnesty International-ը Մզիա Ամաղլոբելիի գործով արդարություն է պահանջում 

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դիմել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Կոկա Կացիտաձեին և արդարություն պահանջել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրտավամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործով։ Նամակը գրվել է ապրիլի 14-ին։

Նամակում նշված է. «Ամաղլոբելիի ձերբակալության հանգամանքները, նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը և դատավարությունը լուրջ կասկածներ են հարուցում նրա հանդեպ հետապնդման դրդապատճառների վերաբերյալ: Երբ համեմատվում է ոստիկանների ակնհայտ անպատժելիության հետ, պարզ է դառնում, թե որքան խտրական է վրացական արդարադատության համակարգը նրա և մյուս ցուցարարների նկատմամբ…»

«Վրաստանում իշխանությունների հետ առերեսվող կանայք, հատկապես քաղաքական և բողոքի համատեքստում, դառնում են ավելի թշնամական և վիրավորական վերաբերմունքի թիրախ», — ասված է նամակում։

Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել նաև լրագրողի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վրա. Բաթումիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։

«Մտահոգիչ է, որ Մզիա Ամաղլոբելին կալանավորվել է դատավորի հապճեպ որոշմամբ` համաձայնելով մեղադրող կողմի պնդմանը, թե Ամաղլոբելին կարող է փախչել, կրկնակի հանցագործություններ կատարել և ազդել հետաքննության վրա, եթե գտնվի բանտից դուրս», — ասված է Amnesty International-ի նամակում:

Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:

Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։