Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, անդրադառնալով վրաստանյան զարգացումներին, կոչ է արել անհապաղ ազատ արձակել արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքի խաղաղ օգտագործման համար պայքարող բոլոր ձերբակալվածներին։
«Վրացական իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրենց իրավունքը խաղաղ ճանապարհով օգտագործելու համար ձերբակալված բոլոր անձանց, նաև արագ և անաչառ հետաքննություն անցկացնեն ոստիկանության կողմից ուժի անօրինական և անհամաչափ կիրառման վերաբերյալ», — ասված է Amnesty International-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշված է եվրոպամետ բողոքի ակցիաների ֆոնին «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքների մասին.
«Օրենքները փաստացի քրեականացնում են բողոքի նույնիսկ խորհրդանշական գործողությունները, օրինակ՝ հանրային հաստատությունների վրա կպչուն պիտակներ փակցնելը։ Այդ միջոցները նպատակաուղղված են օգտագործվում խաղաղ ցուցարարներին հետապնդելու համար»:
Հատկանշական է, որ հունվարի 11-12-ը Թբիլիսիում և Բաթումիում ձերբակալվել են ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ակտիվիստներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ընդդիմության ներկայացուցիչներ: