ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան, որ Վրաստան է ժամանել հուլիսի 11-ին՝ Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև գնալով ավելի բարդ հարաբերությունների ֆոնին, Թբիլիսիում հանդիպումներ է անցկացնում: Նա առաջին հանդիպումը «գործակալների օրենքի» թիրախային խմբի՝ քաղաքացիական սեկտորի հետ էր:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի երկօրյա այցը ծանրաբեռնված է իշխանության, խորհրդարանական մեծամասնության, ընդդիմության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներով։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպումից հետո «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» ղեկավար Ուչա Նանուաշվիլին կիսվել է իր տպավորությամբ, որ Վաշինգտոնը չի ծրագրում աչք փակել, և եթե Վրաստանի կառավարությունը չվերադարձնի երկիրը ժողովրդավարության ուղի, այն, ինչ հիմա կատարվում է, կլինի «միայն ներածություն»:
Մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ զրույցը Զեյայի երկօրյա այցի առաջին հանդիպումն էր։
Պետքարտուղարի տեղակալը X-ում գրում է, որ հասարակության այս հատվածը կարևոր դեր է խաղում «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ճանապարհին աջակցելու գործում»։
«Միացյալ Նահանգների կոչն է հարգել մարդու իրավունքները և հիմնարար իրավունքները բոլորի համար»,- ասված է նույն հայտարարության տեքստում։
Պետքարտուղարին հանդիպելու համար «Մարիոթ» հյուրանոց էին եկել խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորները։ Նրանց թվում էին փոխխոսնակ Նինո Ծիլոսանին և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին։
«Երկխոսությունն այլընտրանք չունի, համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների հետ, քաղաքական երկխոսությունը մեզ համար շատ կարևոր է… Մենք հնարավորություն ունեցանք խոսելու շատ հարցերի, այդ թվում՝ խնդրահարույց հարցերի շուրջ, և դա լավ առիթ էր փաստարկներ կիսելու միմյանց հետ, ներկայացնել մեր կարծիքները»,- հանդիպումից հետո ասել է Բոճորիշվիլին։
Նույն հանդիպումից հետո պետքարտուղարի տեղակալը X-ում գրել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, թեև «Վրացական երազանքի» գործողությունները խոչընդոտում են այդ նպատակին հասնելու առաջընթացին։
«Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին դադարեցնել ԱՄՆ-ի դեմ ուղղված հակաժողովրդավարական գործողություններն ու ապատեղեկատվությունը»,- «Վրացական երազանքի» պատգամավորների հետ հանդիպումից հետո X-ում գրել է Զեյան:
Զեյան հանդիպել է նաև ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչներին: Անկախ պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ զրույցը ընդգրկել է խնդրահարույց հարցերի լայն շրջանակ, և հատուկ ուշադրություն է դարձվել նաև գալիք խորհրդարանական ընտրությունների լայն մոնիտորինգի և ձայների պաշտպանության անհրաժեշտությանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի այցը ընդդիմության համար Վրաստանի կողքին լինելու հստակ արտահայտություն է, և նրանք կարծում են, որ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների լիարժեք վերականգնումը հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո։
Հատկանշական է, որ Զայան արդեն Պետդեպարտամենտի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որ վերջին երկու ամսում այցելել է Թբիլիսի։ Մինչ այդ՝ մայիսին, Վրաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, պատժամիջոցների նախկին համակարգող Ջիմ Օ՛Բրայենը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Վրաստանում կմնա 2 օր, որից հետո կմեկնի Հայաստան։ Ըստ Պետդեպարտամենտի հայտարարության՝ Երևանում նախատեսված հանդիպումներում քննարկվելու է «ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդման» և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական ոլորտներում ժողովրդավարական ձեռքբերումների առաջխաղացումը:
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Ընդգծենք՝ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը:
Վրաստանը երբեք չի լինի ռուսամետ. նախագահը՝ փոխպետքարտուղարին