ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները կվերանայվեն. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը արձագանքել է Վրաստանի խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» ընդունմանը:

Պիերը հայտարարել է, որ Սպիտակ տունը խորապես մտահոգված է Վրաստանում Կրեմլից ոգեշնչված «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունմամբ: Պաշտոնական Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի օրենքի վրա։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզ չէ՝ արդյոք խորհրդարանը կհաղթահարի վետոն, թե ոչ, մենք ուղղակիորեն մեր մտահոգությունն ենք հայտնում այն ​​օրենքի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարությքանը և կհեռացնի Վրաստանը Եվրամիության արժեքներից ու ՆԱՏՕ-ից»,— radiotavisupleba-ի փոխանցմամբ ասել է Պիերը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև նշել է՝ Վրաստանի ժողովուրդն այս օրենքի վերաբերյալ արտահայտում է իր տեսակետը՝ բողոքելով փողոցներում: Ըստ նրա՝ անցած շաբաթավերջին «տեսանք Վրաստանի պատմության ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը՝ տասնյակ հազարավոր խաղաղ մասնակիցներով, ովքեր չընկրկեցին ահաբեկման մարտավարությանը և իրենց կառավարությանն ասացին՝ դեմ լինել այս օրենքին, քանի որ ցանկանում են եվրաատլանտյան ապագա»:

Նա ընդգծել է՝ օրենքի վերջնական ընդունումը Սպիտակ տանը կստիպի՝ հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ։

Ի դեպ, իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Դրան աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։

Խորհրդարանը 10 օրվա ընթացքում օրենքի նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրելու։ Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։ Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել:

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը