Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ է պատրաստվում մտցնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Պատճառը «գործակալների մասին» օրենքն է, դրա հետ կապված զարգացումները, այդ թվում՝ «բողոքի ակցիաները ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը»։ ԱՄՆ-ում, սակայն, դեռ հույս ունեն, որ «Վրացական երազանքը» կհրաժարվի օրենքից։
Մայիսի 23-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց հիշյալ որոշման մասին. «ԱՄՆ–ն հայտարարում է Վաշինգտոն–Թբիլիսի համագործակցության համապարփակ վերանայում և վիզային սահմանափակումների քաղաքականություն՝ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար»:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մշակել և ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք, որը կսահմանափակի հավաքների և արտահայտվելու ազատությունից օգտվելը, կխարանի Վրաստանի հասարակական կազմակերպություններին և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների գործունեությունը», – ասված է Բլինքենի հայտարարությունում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վրաստանի կառավարության գործողություններին ի պատասխան՝ Պետդեպարտամենտը ներդնում է վիզային ռեժիմի սահմանափակման նոր քաղաքականություն․ «Որոշումը կտարածվի այն անձանց վրա, ովքեր պատասխանատու են կամ մեղսակից են այն գործողություններին, որոնք խաթարում են Վրաստանում ժողովրդավարության զարգացումը, այն կտարածվի նաև այդ անձանց ընտանիքի անդամների վրա»։