ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը արձագանքել է Վրաստանի կառավարությանը ամերիկյան կողմից ուղղակի օգնության դադարեցմանը՝ նշելով, որ այդ քայլն արվել է վերջին հակաժողովրդավարական գործողությունների և «Վրացական երազանք» կուսակցության կեղծ հայտարարությունների պատճառով։
Նրա խոսքով, այժմ կա «քաղաքականության վերանայում», և ԱՄՆ-ը պատրաստ է ձեռնարկել «ցանկացած լրացուցիչ գործողություն»։ Պատելն ընդգծել է՝ ԱՄՆ-Թբիլիսի երկկողմ հարաբերություններն այժմ գտնվում են «բացառիկ դժվարին» ժամանակաշրջանում, միևնույն ժամանակ շեշտել է՝ Միացյալ Նահանգների հավատարմությունը վրաց ժողովրդին և նրա ձգտումներին բացարձակապես անսասան է:
Պատելը խոսել է վրաց ժողովրդի ձգտումների մասին, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, բայց նաև ընդգծել է՝ Վրաստանի կառավարության գործողությունները, ներառյալ դաշնակիցների և գործընկերների մասին ապատեղեկատվության տարածումը հեռացնում են երկիրը իր քաղաքացիների եվրոպական նկրտումներից։
Ըստ Պատելի, որոշ դեպքերում օգնության ծրագրերը կարող են փոխվել՝ ռեսուրսները վերահղելու կոնկրետ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններին:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ ժողովրդավարության և եվրատլանտյան ինտեգրման ուղին՝ չեղյալ համարելով օտարերկրյա ազդեցության մասին օրենքը և այլ խնդրահարույց օրենքները, դադարեցնելով ապատեղեկատվության քարոզարշավը և պարտավորվելով ընտրությունները անցկացնել թափանցիկ, ներառյալ նախընտրական շրջանը, միջազգային և տեղական դիտորդների անխափան աշխատանքը»,- ասել է Պատելը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը:
Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Նշենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Իշխող թիմի հակաարևմտյան քայլերը վնասում են Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերություններին