ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց MEGOBARI Act-ը

Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց MEGOBARI Act-ը։ Ուժի մեջ մտնելու համար MEGOBARI Act-ը նախ պետք է քվեարկվի Սենատի, ապա Կոնգրեսի կողմից:

Սենատոր Ջին Շահինը, որ MEGOBARI Act-ի համահեղինակ է, ասել է, որ ակտի հաստատումը հստակ ուղերձ է վրաց ժողովրդին։ Նա նշել է, թե հույս ունեն, որ մարդիկ այս որոշման մեջ դրական ազդանշան կտեսնեն։

«Մենք հավանություն ենք տվել MEGOBARI Act-ին, սա հստակ ուղերձ է վրաց ժողովրդին: Մենք աջակցում ենք ժողովրդավարական ապագան պահպանելու նրանց ջանքերը։ Կառավարությունը չի հարգում Սահմանադրությունը, վրացական ավանդույթները, և հուսով ենք, որ ժողովուրդը մեր այս որոշման մեջ կտեսնի դրական ազդանշան, որ մենք աջակցում ենք իրենց։

Սա ներառում է պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր փորձել են ճնշել խաղաղ ցույցերը», — ասել է սենատորը։

MEGOBARI Act-ը («Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտ») նախատեսում է պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների նկատմամբ։ Օրինագծի հեղինակների կարծիքով, «MEGOBARI Act»-ը նաև`

  • Նախաձեռնում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ օգնության բոլոր ծրագրերը;
  • Նախագահից պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կողմնակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ և շեղել Վրաստանը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհից;
  • Աջակցում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երբ Վրաստանը բավարարի իր սահմանադրական պահանջները;
  • Աջակցություն է հայտնում Վրաստանի լիակատար ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի մշտական ​​և անօրինական օկուպացիայի պայմաններում, աջակցում է Վրաստանի քաղհասարակությանը։