ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյան Վրաստանում է։ Զեյան հուլիսի 9-17-ը կլինի Թբիլիսիում և Երևանում։

Ամերիկացի դիվանագետը Թբիլիսի ժամանելուց հետո X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, որոնք սպառնում են երկրի եվրատլանտյան ապագային։

Զեյայի խոսքով, ինքը Թբիլիսիում է՝ ընդգծելու նպատակով ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ ազատ և արդար ընտրությունների իրավունքը, միավորումների և արտահայտվելու ազատությունը:

Զեյան կհանդիպի Վրաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«Վրաստան կատարած այցի ընթացքում պետքարտուղարի տեղակալը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և խորհրդարանի ներկայացուցիչների հետ՝ փոխանցելու նպատակով ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունները արտաքին ազդեցության մասին օրենքի, այլ ոչ լիբերալ օրենսդրության և վրացական կառավարության վնասակար հռետորաբանության վերաբերյալ, որոնք Վրաստանի եվրատլանտյան հետագիծը դրել են վտանգի տակ»,- ասված Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նշված է նաև, որ ակնհայտորեն Վրաստանի կառավարության ոչ ժողովրդավարական պահվածքը և Միացյալ Նահանգների մասին ապատեղեկատվությունը վնասել են երկու երկրների երկարամյա հարաբերություններին: Պետքարտուղարի տեղակալ Զեյան նաև կհայտնի ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, վրաց ժողովրդի հավատարմությանը եվրատլանտյան ինտեգրմանը։

Ըստ տեղեկության՝ նա ևս մեկ անգամ կընդգծի ազատ և արդար ընտրությունների և ուժեղ քաղաքացիական հասարակության կարևորությունը, հարգանք կցուցաբերի հիմնարար ազատությունների, մարգինալացված խմբերի անդամների պաշտպանության և բոլոր վրացիների մարդու իրավունքների նկատմամբ:

Պետդեպի տվյալներով, պետքարտուղարի տեղակալը կայցելի նաև համայնքային կազմակերպություն, որը հիմնադրել են Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիայի հետևանքով տեղահանված կանայք։

Հիշեցնենք. մայիսին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 84 ձայնով ընդունել է «գործակալների օրենքը»։ Հազարավոր մարդիկ փողոցում բողոքում էին այս օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ գործընկեր երկրները հորդորում էին Վրաստանի իշխանություններին հրաժարվել օրենքի ընդունումից, քանի որ դա կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը։