ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ուղերձները՝ Թբիլիսիում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ԱՄՆ պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներից հետո ճեպազրույց է անցկացրել:

Ջիմ Օ՛Բրայենը հայտարարել է, որ այս փուլում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվի:

«Մինչ Թբիլիսի հասնելը մենք ցանկություն հայտնեցինք հանդիպել պարոն Իվանիշվիլիի հետ, սակայն պատասխանը եղավ, որ Իվանիշվիլին դե ֆակտո պատժամիջոցների տակ է: Այս փուլում նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան, այն, որ նման ազդեցիկ անձը ապատեղեկացված է՝ իսկապես զարմանալի և ցավալի է: Եվ դրա պատճառով հրաժարվել է երկրի գործընկերոջ հետ հանդիպումից, նշանակում է՝ անձնական շահը վեր է դասել երկրի շահից»,- ասել է Օ’Բրայենը։

Օ’Բրայենը նաև հայտարարել է՝ եթե «գործակալների օրենքը» շարունակի մնա այնպիսին, ինչպես այսօր է, և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները շարունակվեն, ԱՄՆ-ն կոնկրետ անձանց նկատմամբ ֆինանսական և ճանապարհորդական սահմանափակումներ կմտցնի։  Սահմանափակումներ կլինեն նրանց համար, ովքեր պատասխանատու են Վրաստանի այս վիճակի համար:

Նա նաև հակադարձել է Իվանիշվիլիի հայտարարությանը՝ «Գլոբալ պատերազմի կուսակցության» տեսության վերաբերյալ՝ ասելով, որ այն «շատ սխալ» է և «անիրատեսական». «Ինչ վերաբերում է Գլոբալ պատերազմի կուսակցության դավադրության տեսություններին և այն փաստին, որ Գլոբալ պատերազմի կուսակցությունը ցանկանում է, որ «Վրացական երազանքն» այլևս իշխանություն չլինի 12-ամյա կառավարումից հետո, բացարձակ  սխալ ըմբռնում է Վրաստանի հանդեպ միջազգային հանրության պարտավորության մասին»:

Օ’Բրայենն իր առաջին հանդիպումն անցկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նա կառավարության գրասենյակ է ժամանել մայիսի 14-ին, ժամը 12:00-ին, իսկ շենքից դուրս եկել ժամը 15:00-ին: Կառավարության վարչակազմում կայացած այս հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։

Վարչապետի հետ հանդիպումից հետո Օ՛Բրայենը հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով, դեմ առ դեմ հանդիպումը տևել է նախատեսված ժամից ավելի քան մեկուկես ժամ։

Այցի շրջանակներում Ջիմ Օ’Բրայենը հանդիպել է նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, բիզնեսի ներկայացուցիչների, ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ։

Նախատեսված էր նաև հանդիպում Իվանիշվիլիի հետ։ Կոբախիձեն մայիսի 13-ին կառավարության աշխատակազմում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ՛Բրայենի հետ։