Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 17-18-ին Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նոյեմբերի 17-18-ի այցը Վրաստան: Այցի ընթացքում պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Պետքարտուղարի՝ Վրաստան այցի շրջանակներում անցկացվելիք բարձրաստիճան հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայի առաջնահերթությունները և պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև առևտրի և տնտեսության, ժողովրդավարության, ժողովուրդների միջև շփումների և մշակույթի ոլորտներում մեր երկրների հետագա համագործակցության խորացման հեռանկարները:
Այցի ընթացքում կողմերը կքննարկեն Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ինչպես նաև երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: