
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Վրաստանի վերաբերյալ իր առաջին մեկնաբանությունն արեց ապրիլի 2-ին. նոր վարչակազմը պահպանել է նախորդ վարչակազմի քննադատական տոնը «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ։
«Միացյալ Նահանգները հստակ ուրվագծել է քայլեր, որոնք կարող է ձեռնարկել վրացական կառավարությունը՝ ցույց տալու համար, որ լրջորեն է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավմանը», — globalnews.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը:
Վրաստանյան globalnews.ge լրատվամիջոցի լրագրող Ռուսա Շելիան մարտի 28-ին Պետդեպարտամենտի ճեպազրույցների սենյակում ուղիղ եթերում Վրաստանի մասին հարց է ուղղել Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսին, սակայն պատասխան չի ստացել այդ պահին։
«Ես ուզում եմ, պատասխանել դրան (հարցին — հեղ.), կնշենք այդ հարցը և կվերադառնանք դրան ավելի ուշ», — մարտի 28-ին ասել էր Բրյուսը:
Ապրիլի 2-ին լրատվամիջոցը հրապարակել է Պետդեպարտամենտից ստացված գրավոր պատասխանը. ««Վրացական երազանք»-ի կառավարության շարունակական հակաժողովրդավարական գործողությունների վերաբերյալ, ինչպես Մյունխենում նշել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ժողովրդավարական մանդատ չի կարող ձեռք բերվել հակառակորդներին գրաքննելով կամ բանտարկելով, ոչ էլ կարող է որևէ բանի հասնել՝ անտեսելով հիմնական ընտրազանգվածի դիրքորոշումն այն մասին, թե ով պետք է դառնա մեր ընդհանուր հասարակության մաս։ Միացյալ Նահանգները 33 տարի եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերը և այդ ընթացքում եղել է Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև ընդգծել է՝ Վաշինգտոնը կշարունակի գնահատել իրենց մոտեցումը Վրաստանի նկատմամբ՝ ամերիկյան շահերն առաջ մղելու համար: