ԱՄՆ պատժամիջոցների համակարգողը վրացի պատգամավորների հետ քննարկել է օրենքը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջեյմս (Ջիմ) Օ՛Բրայենը X սոցիալական ցանցում գրել է, որ «գործակալների օրենքի» վերաբերյալ խոսել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ։

Օ՛Բրայենի հայտարարությունը համընկնել է Ռուսթավելիի պողոտայում «գործակալների մասին օրենքի» ցույցը բռնի մեթոդներով ցրելու հետ։

«Ես կարևոր զրույց ունեցա վրացի պատգամավորների հետ մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ներառյալ մեր խիստ մտահոգությունները Կրեմլից ներշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի և Վրաստանի եվրոպական նկրտումների վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ», — գրել է Ջիմ Օ’Բրայենը:

Ուշագրավ է նաև, որ ամերիկացի գործընկերները բազմիցս մտահոգություն են հայտնել «գործակալների մասին օրենքը» խորհրդարան վերադարձնելու կապակցությամբ։ Վերջին ամենալուրջ հայտարարությունն արեց Սենատը: ԱՄՆ Սենատի 14 սենատորներից բաղկացած երկկուսակցական խումբը ապրիլի 26-ին նամակ է հղել Վրաստանի վարչապետին, որում ասվում է, որ եթե «Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը» կրկին օրենք դառնա, իրենք ստիպված կլինեն խրախուսել Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը։

 

Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցուցարարներին։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:

Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։