Թբիլիսիի ռազմավարական գործընկեր Վաշինգտոնից ժամանած պաշտոնյաների` ամերիկացի սենատոր, դեմոկրատ Ջին Շահինի և կոնգրեսական ու հանրապետական Մայք Թերների այցը Վրաստան, նրանց հանդիպումներն ու ուղերձները հստակ ընդգծում են Վրաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքն իշխող «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական և հակաարևմտյան քայլերի նկատմամբ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին վրացի որոշ փորձագետներ:
Ըստ փորձագիտական շրջանակների՝ ակներև է, որ «Վրացական երազանք»-ը եթե շարունակի կառավարել Վրաստանը, ապա անհնար կլինի խոսել արևմտյան ինտեգրացիայի մասին: Նրանց գնահատմամբ՝ այն, ինչ անում է իշխող թիմը, հակասում է Վրաստանի ազգային շահերին՝ երկիրը հեռացնելով Արևմուտքից: Նրանց դիտարկմամբ` սենատորի և կոնգրեսականի այցը պետք է դիտարկել նաև հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համատեքստում:
Անդրադառնալով ամերիկացի պաշտոնյաների այցին` վերլուծաբան, «Ընտրի՛ր Եվրոպան» քաղաքացիական շարժման համահիմնադիր Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ Շահինի և Թերների այցի նպատակներից էր վրաստանյան նախընտրական միջավայրի դիտարկումը: Նրա խոսքով, Շահինն ու Թերներն անթաքույց իրենց հիասթափությունն ու անհանգստությունն են հայտնել, քանի որ իշխող «Վրացական երազանք»-ի կողմից ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ցանկություն չեն տեսել:
Վերլուծաբանը, կրկնելով Շահինի և Թերների խոսքը, որ Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին ցանկություն հայտնելուց զատ, այդ հարաբերությունները վերականգնելու գործուն քայլեր չի առաջարկել, ասաց.
«Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն չի հայտնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու առնչությամբ, ինչը նշանակում է, որ կառավարությունը մերժում է առաջիկա ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական միջավայրում անցկացնելու պատրաստակամությունը: Այս ամենը, իհարկե, ԱՄՆ կառավարության համար ցուցիչ կլինի վրաստանյան նախընտրական և հետընտրական գործընթացները գնահատելու գործում»:
Ամերիկացի պաշտոնյաներն անդրադարձել են նաև «Վրացական երազանք»-ի վերջերս արված հայտարարություններին, ըստ որոնց` Դոնալդ Թրամփի հաղթանակը Վրաստանի իշխող թիմին ձեռնտու է:
Մասնավորապես, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 22-ին ասել է. «Եթե Թրամփը հաղթի, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, քան ցանկացած այլ դեպքում, հետևաբար` տարածաշրջանն ավելի շուտ կհանդարտվի: Նման իրավիճակում Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, Վրաստանի նկատմամբ արդարությունն ավելի շատ կլինի»։
Դոնալդ Թրամփի գործընկեր, կոնգրեսական Մայք Թերները համաձայն չէ Վրաստանի վարչապետի հետ։ Նրա խոսքով՝ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը «երկկուսակցական և երկպալատ է»: Շահինը համաձայնել է իր գործընկերոջ հետ՝ նշելով, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը նույնն է լինելու՝ «անկախ նրանից՝ նախագահը հանրապետական է, թե դեմոկրատ»։
Ջեջելավան նկատեց՝ ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Վրաստանի կառավարության պնդումները կատարելապես անհեթեթ են: Նրա գնահատմամբ, «Վրացական երազանք»-ը, ինչպես երևում է՝ փորձում է այսկերպ օգտվել իր ընտրողների տեղեկացվածության պակասից և շահարկել ԱՄՆ ընտրությունները վրաստանյան նախընտրական շրջանում:
«Իշխանությունն էժանագին պրոպագանդա է հրամցնում իր ընտրողին. փորձում է մոլորեցնել նրան: Երկու կուսակցության ներկայացուցիչներն իրենց այցի ընթացքում շատ հստակ ասել են՝ ԱՄՆ-ում կառավարության փոփոխությամբ Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի»,- ասաց վերլուծաբանը:
Ամերիկացի պաշտոնյաներն այցի շրջանակերում ցանկացել են հանդիպել նաև իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին: Վերջինս, սակայն, մերժել է բարձրաստիճան պատոնյաներին:
«Հիմք ընդունելով այն, ինչ մենք լսում ենք մարդկանցից, պարզ է, որ նա երկրի առանցքային որոշում կայացնողներից մեկն է: Ուստի ցավալի է, որ չհանդիպեցինք»,- ասել է սենատոր Շահինը։
Փորձագետների խոսքով, ամերիկացի պաշտոնյաները ցանկացել են հանդիպել Իվանիշվիլիին, քանի որ հասկացել են՝ Վրաստանի վերաբերյալ կարևոր որոշումները կայացնում է հենց ինքը՝ իշխող կուսակցության պատվավոր նախագահը:
Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով, Իվանիշվիլիի կողմից ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման մերժումը փաստացի նշանակում է, որ երկիրը փոխում է իր քաղաքական վեկտորն ու ռազմավարական այն գործընկերներին, որոնց օգնությամբ Վրաստանն ինչ-որ չափով ունի պաշտպանական, ինստիտուցիոնալ համակարգ և այլն.
«Երբ նման կերպ ես վարվում, նշանակում է` թիկունքիդ ինչ-որ մեկն ունես, ինչ-որ մեկից աջակցություն ունես, որի օգնությամբ էլ նման տգեղ և անհասկանալի քաղաքականություն ես վարում: Այս դեպքում, հավանաբար, դա Ռուսաստանն է»:
Ընդգծենք՝ վիճահարույց «գործակալների օրենքի» ընդունումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում են ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները: Սենատորն ու կոնգրեսականը հանդիպել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակի Չիքովանիի, ընդդիմության ներկյացուցիչների հետ, այցելել են օկուպացիոն գիծ և այլն: Ջին Շահինի խոսքով՝ իրենք ցանկացել են հանդիպել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն մերժում են ստացել։
Սենատորի և կոնգրեսականի այցն ու հիմնական ուղերձներն «Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացրել է ամփոփ: Կարդացեք ստորև:
Հիասթափություն, անորոշություն և անհանգստություն. ամերիկացի քաղգործիչների այցը Վրաստան