Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում Վրաստանից ներկրվող գինու 11,3 տոկոսն ունի օրգանական գինու սերտիֆիկատ, այդպիսով ամերիկյան շուկայում զբաղեցնում է առաջին տեղը հիմնական ներմուծող երկրների շարքում։ Երկրորդ տեղում Ավստրիան է՝ 7,4 տոկոսով, երրորդը՝ Կանադան՝ 7,1 տոկոսով:
Ամերիկայի Միացյալ Նահանգները վրացական գինու արտահանման հիմնական շուկաներից մեկն է, որտեղ 2021 թվականին իրականացվել է արտահանման պատմական առավելագույնը՝ 1,084,278 շիշ գինի։ Արտահանման աճի տեմպերն այս տարի նույնպես պահպանվել են, հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածի տվյալներով ԱՄՆ արտահանվել է մինչև 660 հազար շիշ գինի, ինչը 16 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նշենք, որ գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) 14-րդ ամենամյա համաժողովը կանցկացվի Վրաստանում 2022 թվականի օգոստոսի 24-28-ը՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հետ համագործակցությամբ և Վրացական գինու ազգային գործակալության աջակցությամբ։