«Վրացական երազանքի»-ից վերջերս հեռացած Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին, որ ստեղծել են «Ժողովրդի ուժ» շարժումը, հերթական հակաամերիկյան հայտարարությունն են տարածել՝ նշելով, թե ԱՄՆ-ի դեսպանատունն աջակցում է «կեղծիքների հեղինակ» «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ՀԿ-ին և հեղափոխություն է հրահրում երկրում։
«Չենք կարող անպատասխան թողնել Ամերիկայի դեսպանատան հայտարարությունը ISFED հասարակական կազմակերպության վերաբերյալ, որին մերժել են ընդգրկել խորհրդարանում ստեղծված ընտրական փոփոխությունների աշխատանքային խմբում։ Դեսպանատունը ISFED-ին անվանել է ընտրությունների մոնիտորինգի ամենավստահելի կազմակերպություններից մեկը՝ գործընթացում վերջինիս չընդգրկվելու պատճառով կասկածելով Վրաստանում ընտրական գործընթացի արդարությանը։
Նման լայնածավալ կեղծիքների հեղինակ ՀԿ-ին, երբ ամերիկյան դեսպանատունն անվանում է որպես ընտրությունների մոնիտորինգի ամենավստահելի կազմակերպություններից մեկը, պարզ է, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, մենք կասկած չունենք, որ դեսպանատունը լիովին վստահում է ISFED-ին, և հրահրում է հեղափոխություն», — նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ իշխող «Վրացական երազանքը» ISFED ՀԿ-ին չի հրավիրել Ընտրական օրենսգրքի վերանայման հարցով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպմանը։ Խմբի ղեկավարը նշել է, որ դրա պատճառը կազմակերպության «ոչ չեզոքությունն» է։
ԵՄ-ն կոչ է անում ՀԿ-ներին ընտրական բարեփոխումներին մասնակցելու հնարավորություն տալ