ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը կրկին հայտարարել է, որ Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունումից հետո սպասվում են «իրական քաղաքական հետևանքներ»: Այս մասին նա խոսել է հունիսի 5-ին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցում։
Ըստ Միլլերի՝ Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին հայտարարությունը զուտ հռետորաբանություն չէ։ Նրա խոսքով, Պետդեպարտամենտը կոնկրետ որոշումներ կընդունի գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում։
«Խոսքն այն օգնության չափի մասին է, որը մենք տրամադրում ենք Վրաստանին. վերջին մի քանի տարիների ընթացքում ծրագրվել է մոտ 390 միլիոն դոլար, որը վերանայման փուլում է։ Խոսքը հավանական պատժամիջոցների, վիզային սահմանափակումների քաղաքականության մասին է, որը մենք հայտարարել ենք։ Այժմ քննարկում ենք, թե երբ և ինչպես իրականացնել: Այսպիսով, այս հարցում մեզանից ավելին կլսեք»,- ասել է Միլլերը։
Պետքարտուղարության խոսնակը հունիսի 3-ին կայացած ճեպազրույցում ասել էր, որ ի պատասխան Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման՝ «առայժմ անհատական պատժամիջոցներ չեն հայտարարվել», թեև իրենք «չեն վարանի»։