Ամերիկայի Միացյալ նահանգները 2021 թվականին Վրաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը հնարավոր է կրճատի 15 տոկոսով, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու ուղղությամբ: Այս մասին նշված է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովում գրանցված օրինագծում:
Փաստաթղթում խոսվում է Վրաստանին $132 025 000 հատկացնելու մասին, միաժամանակ, նույն փաստաթղթի երկրորդ կետով սահմանված են ֆինանսավորման 15%-ի չափով դադարեցման պայմանները.
«Ֆինանսավորման դադարեցում՝ օրենքով սահմանված ծախսերի 15 տոկոսը չհատկացնել, քանի դեռ պետքարտուղարը չսահմանի ու հաշվետվություն չներկայացնի հանձնաժողովներին, որ Վրաստանի կառավարությունը արդյունավետ քայլեր է ձեռնարկում հետևյալ ուղղություններով՝
- ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման տեսանկյունից,
- կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, այդ թվում՝ հակակոռուպցիոն օրենքներ և կանոնակարգեր ընդունելով,
- ապահովվի օրենքի գերակայությունը մասնավոր սեկտորում, ինչը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։
Օրինագծում գրված է օգնություն չտրամադրելու բացառության դեպքերի մասին, որոնց համաձայն, գումար հատկացնելու դադարեցումը չպետք է դիպչի այն ծրագրերին, որոնք ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հանրության ու լրատվամիջոցների զարգացմանն են նպաստում: Նաև, այն ծրագրերին, որոնք գենդերային հիմքով բռնության և առանձին խմբերի հանդեպ բռնության նվազեցմանն են նպաստում։