Վաշինգտոնը կարող է Վրաստանին տրամադրել տնտեսական և անվտանգության մեծ փաթեթ, եթե Վրաստանի կառավարությունը դադարեցնի իր հակաարևմտյան հռետորաբանությունը և հետընթացը մարդու իրավունքների հարցում, գրել է ամերիկյան POLITICO պարբերականը:
Պարբերականը գրել է, որ ծանոթացել է օրինագծին, որն այս շաբաթ Կոնգրես է ներկայացրել Հարավային Կարոլինայի հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, և ըստ որի՝ ԱՄՆ-ը Վրաստանի հետ կսկսի «խոշոր ընտրովի առևտրի ռեժիմ», եթե բավարարվեն հիմնական քաղաքական չափանիշները:
Բացի ամերիկյան շուկաներ մուտքի բարելավումից, օրինագիծը նախատեսում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացում:
Օրինագիծը նաև կոչ է անում պաշտոնյաներին մշակել Վրաստանին տրամադրվող ռազմական օգնության փաթեթ, ներառյալ «անվտանգության և պաշտպանական սարքավորումների տրամադրումը, որոնք կատարելապես համապատասխանում են ռուսական ագրեսիայից տարածքային պաշտպանությանը և այլն»:
Այդուհանդերձ, ծրագիրը կիրականացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հաստատի, որ «Վրաստանը զգալի և կայուն առաջընթաց է ցուցաբերել ժողովրդավարության վերածնման ուղղությամբ, որի նվազագույն ապացույցը կլինեն էապես արդար ու ազատ ընտրությունները և հավասարակշռված նախընտրական միջավայրը»։
POLITICO-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վիլսոնի օրինագիծն անհատական պատժամիջոցներ է նախատեսում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական գործիչների և այլ պետական պաշտոնյաների համար, եթե նրանք կիրարկեն «օտարերկրյա գործակալների» ռուսական ոճի օրենքը: