ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ կիրառեց վրացի պաշտոնյաների նկատմամբ

Վրաստանում շարունակվող եվրոպամետ ակցիաների ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է կիրառել Վրաստանի ևս քսան քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են նախարարներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների պաշտոնյաներ և մասնավոր քաղաքացիներ։

Նրանց ինքնությունը Պետդեպարտամենտը չի բացահայտում։ Դեկտեմբերի 12-ին Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ արգելվել է վիզաների տրամադրումը Վրաստանում ժողովրդավարության խախտման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց։

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է իշխող «Վրացական երազանք»-ի դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ բողոքի ակցիաների մասնակիցների, ԶԼՄ-ների, իրավապաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։

Ըստ Պետդեպարտամենտի՝ ​​«Վրացական երազանք»-ը երես է թեքել Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որը ցանկանում է վրաց ժողովրդի մեծամասնությունը և նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ:

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս մեկ վիզային պատժամիջոցներ էր սահմանել «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ 2024 թվականի հունիսին, «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո։

Ամիսներ շարունակ «գործակալների օրենք»-ի և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կեղծ մեղադրանքների վրա հիմնված հակաարևմտյան հռետորաբանության պատճառով Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին վերադառնալ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղի, իսկ նոյեմբերին Վաշինգտոնը դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։

Պետդեպարտամենտը որոշումը հրապարակեց նոյեմբերի 30-ին այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։