ԱՄՆ-ն պատրաստվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել և աջակցություն հայտնել վրաց ժողովրդին։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք»-ի դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին վերջ տալ ռեպրեսիվ մարտավարությանը, ներառյալ կամայական կալանքի և ֆիզիկական բռնության կիրառումը` փորձելով լռեցնել քննադատներին: Մեզ հատկապես անհանգստացնում է իրավապահ մարմինների կողմից մարդկանց լուրջ վնասվածքների մասին հաղորդումները»,- ասված է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Նրա խոսքով` խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքի իրականացման համար կալանավորվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար մեղավորները պետք է լիովին ենթարկվեն պատասխանատվության։

Նույն հայտարարության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը պատժամիջոցների մասին է հայտարարել «Վրացական երազանք»-ի անդամների նկատմամբ։

«ԱՄՆ-ը համերաշխ է վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ նրանք, ովքեր ճնշում են Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքը, պատասխանատվության կենթարկվեն: Բացի երկկողմ համագործակցության ավելի վաղ հայտարարված համապարփակ վերանայումը շարունակելուց, ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է օգտագործել լրացուցիչ պատժամիջոցներ»,- գրել է Էնթոնի Բլինքենը: