ԱՄՆ-ն լրացուցիչ վիզային արգելքներ կսահմանի 

ԱՄՆ-ը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում վրացի այլ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ իրավապահների և մունիցիպալ իշխանությունների նկատմամբ վիզային արգելք սահմանելու համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:​​

«ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև լրացուցիչ քայլեր է ձեռնարկում վիզային սահմանափակումներ մտցնելու վրացի այլ անձանց և նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ իրավապահների և անվտանգության պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ցուցարարների նկատմամբ բռնությունների մեջ։

Մունիցիպալ կառավարության այն պաշտոնյաները ևս, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու համար հիմնարար ազատությունները, ներառյալ՝ առանց հարկադրանքի կամ ահաբեկման քվեարկելու (ընտրություններում-հեղ.) իրավունքը», — ասված է Պետդեպարտամենտի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ:

Մինչ այդ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների դեպարտամենտի տնօրեն, պատժամիջոցների ենթարկված Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») տեղակալ Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ Նրանք ընդգրկվել են համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում»։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել վրացի երկու պաշտոնյայի նկատմամբ, որոնք մասնակցել են լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընդդիմադիրների և ցուցարարների դաժան բռնաճնշումներին, այդ թվում՝ 2024 թվականին տեղի ունեցած ցույցերի ժամանակ։

Մինչ ԱՄՆ պատժամիջոցները, դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ էր կիրառել Գոմելաուրիի և գերատեսչության 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։