
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է խորապես անհանգստացած լինել «Վրացական երազանքի» աճող հակաժողովրդավարական գործողություններով և հռետորաբանությամբ։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ խոսելով ընդդիմությունը անօրինական ճանաչելու Վրաստանի իշխող ուժի մտադրության մասին։
Միլլերը կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերադառնալ ժողովրդավարության և եվրաատլանտյան ուղի։
«Վրաստանի իշխանությունների գործողությունները հակասում են վրաց ժողովրդի ցանկություններին, ավելի վաղ կառավարության հայտարարած եվրաինտեգրման ուղղությամբ շարժվելու որոշմանը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և ազատությունը՝ դադարեցնելով ընդդիմությանը սահմանափակելու փորձերը», — ասել է Միլլերը։