Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած ընդունելության ժամանակ, ասել է, որ պատմության ընթացքում ԱՄՆ-ն հպարտորեն կրել է ազատության և ժողովրդավարության ջահը՝ փայլուն օրինակ հանդիսանալով աշխարհին:
Վարչապետը նշել է՝ Միացյալ Նահանգները մշտապես պաշտպանել է մարդու համընդհանուր իրավունքները և հիմնարար ազատությունները, նպաստել զարգացմանն ու առաջընթացին, աջակցել օրենքի գերակայությանը, այդպիսով իր հետքը թողնելով համաշխարհային պատմության մեջ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանն ամուր կանգնած է Միացյալ Նահանգների կողքին։
«Վրաստանը, վրաց ժողովուրդը` որպես հպարտ և ազատասեր ժողովուրդ, կիսում է ազատության և ժողովրդավարության նույն արժեքներն ու սկզբունքները, որոնք պայմանավորում են մեր ամուր բարեկամությունը։ Այս դժվարին ժամանակներում մեր սերտ գործընկերությունն ու միասնությունը մեծ նշանակություն ունեն խաղաղության և կայունության պահպանման համար ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
Վրաստանն ամուր կանգնած է Միացյալ Նահանգների, ինչպես նաև մեր հարգարժան միջազգային գործընկերների կողքին, քանի որ մենք միասին պաշտպանում ենք հիմնարար նորմերը և արժեքները, որոնք հիմք են հանդիսանում միջազգային հանրության համար», — նշել է վարչապետը:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանն ամուր աջակցության և անգնահատելի ներդրման համար՝ Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման, նրա ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհն առաջ մղելու համար։
«Եվս մեկ անգամ, տիկին դեսպան և սիրելի ընկերներ, ընդունեք իմ շնորհավորանքները այս շատ կարևոր տոնի առթիվ։ Թող խաղաղությունն ու բարգավաճումը միշտ առաջնորդեն ամերիկյան մեծ ազգին:
Աստված օրհնի Ամերիկան: Աստված օրհնի Վրաստանը»,- ասել է կառավարության ղեկավարը։
Ի դեպ, միջոցառմանը հրավիրված հյուրերին դիմել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանը։ Ընդունելությանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատանը, մասնակցել են Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։