«Թեև Իվանիշվիլիի դեմ վաղուց ուշացած պատժամիջոցները ի վերջո սահմանվեցին, բայց պետք է անել ավելին»,- գրել է ամերիկացի սենատոր և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Ռիշը X-ում:
Ամերիկացի սենատորը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը չի լքի վրաց ժողովրդին.
«Չնայած ընդդիմության բոյկոտին՝ Վրաստանի խորհրդարանը նախագահ ընտրեց բացահայտ հակաարևմտյան քաղաքական գործչի։ Վրաստանի բարեկամներին լքելու կառավարության փորձը հայտնի է, բայց մենք չենք լքի այդ երկրի ժողովրդին։ Թեև Բիձինա Իվանիշվիլիի դեմ վերջապես պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանում շարունակվող քաղաքական ցնցումների գործում նրա դերի համար, բայց պետք է արվի ավելին: Միացյալ Նահանգները չի հրաժարվի վրաց ժողովրդից և նրա ցանկությունից՝ ունենալ ազատ, արդար ժողովրդավարություն»,- գրել է ամերիկացի սենատորը։
Վրաց ժողովրդին իր աջակցությունն է հայտնել նաև ամերիկացի սենատոր Ջին Շահինը:
«Ես կշարունակեմ կանգնել վրաց ժողովրդի կողքին, քանի որ նա պահանջում է, որ իր կառավարությունը ներկայացնի ժողովրդի կամքն ու եվրատլանտյան ձգտումները»,- գրել է ամերիկացի սենատորը։