ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը նաև հայտնի է որպես «Հելսինկյան հանձնաժողով», հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշտապես աջակցելու է վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը։
«Վրաստանի բնակչությունն ընտրել է ժողովրդավարական և եվրատլանտյան ապագան։ Միացյալ Նահանգները միշտ կաջակցի այդ ընտրությանը, կաջակցի նրանց` այն ուժերի դեմ պայքարում, որոնք խեղդում են նրանց ազատությունը», — նշված է հանձնաժողովի մայիսի 2-ի հայտարարության մեջ:
Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ «Հելսինկյան հանձնաժողովը» խստորեն քննադատել է Վրաստանի խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» վերսկսումը` այն անվանելով «միտումնավոր հարձակում Վրաստանի փխրուն ժողովրդավարության վրա, նրա եվրոպական թեկնածության ինքնասաբոտաժ և վրաց ժողովրդի ջանքերով ձեռք բերված եվրատլանտյան ընտրության ակնհայտ մերժում»:
Հանձնաժողովը Վրաստանի կառավարությանը կոչ է արել «հրաժարվել այդ օրենքի նախագծից և վերադառնալ լիբերալ-դեմոկրատական ուղղությանը և իր ժողովրդի եվրատլանտյան ընտրությանը»:
«Գործակալների մասին օրենքը», պաշտոնապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», երկրորդ ընթերցմամբ ընդունվել է մայիսի 1-ին։ Մնում է երրորդ՝ վերջնական լսումը։
Երեկ՝ մայիսի 1-ին, հատուկջոկատայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: