ԱՄՆ կոնգրեսականն «ամոթալի» է որակել Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի ընտրություններին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը քննադատել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշման համար։

«Ամոթալի է, որ Բայդեն-Հարիսի վարչակազմը լեգիտիմացնում է «Վրացական երազանք»-ի ձեռքով ազատատենչ երկրի ավտորիտար տիրույթ տեղափոխումը», — այսօր՝ հոկտեմբերի 29-ին, X սոցիալական ցանցում գրել է Ուիլսոնը։

Կոնգրեսական Ուիլսոնն ԱՄՆ Կոնգրեսում դեռևս Վրաստանի խորհրդարանի ընտրություններից առաջ նախաձեռնված MEGOBARI ակտի համահեղինակն է, որն ընդհուպ պատժամիջոցներ է նախատեսում «Վրացական երազանք»-ի կառավարությանը՝ «օտարերկրյա գործակալների օրենքն» ընդունելու համար։

Հանրապետական ​​կոնգրեսականի արձագանքը հաջորդել է Վրաստանի խորհրդարանի ընտրություններից հետո նույն հարթակում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն գրառմանը, ըստ որի՝ ընտրություններին մասնակցությունը բացահայտում է վրաց ժողովրդի վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ` անկախ այն իրողությունից, որ միջազգային և տեղական դիտորդները նախընտրական շրջանի իրավիճակը բնութագրել են իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրակաշառքով և ընտրողներին ահաբեկմամբ։

Վաշինգտոնը դատապարտում է ընտրություններում միջազգային նորմերի խախտումները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:

  1. «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։