ԱՄՆ-ը Վրաստանի խորհրդարանում ներառված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության հիմք է համարում և հերքում է, որ վերջինս նման է ամերիկյան օրենքներին, փետրվարի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նեդ Փրայսի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն իր մտահոգությունը հայտնել է Վրաստանի կառավարությանը։
«Մենք կարծում ենք, որ նման օրենքը կխոչընդոտի Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը։
Հայտարարությունները, թե այդ օրինագիծը հիմնված է ԱՄՆ-ում Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) վրա, ակնհայտորեն կեղծ են: Ավելին, այդ օրինագիծը, ըստ երևույթին, հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենսդրության վրա (ոչ թե FARA-ի կամ ԱՄՆ-ի որևէ օրենսդրության] վրա»), — ասել է Նեդ Փրայսը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, առաջարկվող օրենքը լռեցնելու է Վրաստանի անկախ ձայներին և քաղաքացիներին, որոնք հավատարիմ են իրենց հասարակության համար ավելի լավ ապագա կառուցելու ձգտմանը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը նախաձեռնել է «Ժողովրդի ուժը» շարժումը, որն անցյալ տարի ստեղծել են իշխող «Վրացական երազանքը» լքած պատգամավորները։
Ըստ այդ փաստաթղթի`
- «Օտարերկրյա ազդեցության գործակալներ» են համարվում.
բոլոր ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք, ներառյալ բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը «օտար ուժերից» է ստացվում։ - Հեռուստաընկերությունները, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսը ստացվում է «օտար ուժերից» (գովազդը չհաշված),
- Զանգվածային լրատվության միջոցները, ներառյալ թերթերը և առցանց լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ստացվում է «օտար ուժերից» (ներառյալ գովազդը):
Ըստ օրենքի նախագծի՝ յուրաքանչյուր կազմակերպություն, որը համարվում է «օտար ազդեցության գործակալ», պարտավոր է գրանցվել հանրային ռեգիստրի համանուն բազայում։ Գրանցման ժամանակ անհրաժեշտ կլինի նշել ստացված եկամուտը։ Միաժամանակ, այդ կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիր։
Կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիով՝ «որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցումից խուսափելու կամ հայտարարագիրը չլրացնելու համար»։