Ազգային կոմիտեի նախագահ Փադի Ասլին «Facebook» սոցիալական ցանցում գրել էր, որ Վրաստանի կողմից ԱՄՆ պատժամիջոցները չկատարելու դեպքում կլինեն այլ հետևանքներ ևս։
Վրացի տնտեսագետ, պրոֆեսոր Ակակի Ցոմաիան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքն այժմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնք ֆինանսական բնույթի են: Պատժամիջոցները վերաբերում են մի շարք անձանց և կազմակերպությունների՝ հստակ պատճառներով:
«Արդեն ուժի մեջ մտած պատժամիջոցների կատարումը պարտադիր է: Եթե կլինեն այնպիսի հաստատություններ կամ անձինք, որոնք կխուսափեն դրանցից, ապա միանշանակ կպատժվեն: Այսինքն, եթե չկատարվեն ֆինանսական պատրավորությունները (նկատի ունի կիրառված ֆինանսական պատժամիջոցները — հեղ.), ապա նրանք կկանգնեն մեծ ռիսկի դիմաց:
ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե ինչ է մտածում իշխանությունը. նա կիրառել է պատժամիջոցներ, որոնք պետք է կատարվեն»,- ասաց Ցոմաիան:
Ըստ տնտեսագետի՝ պատժամիջոցների ենթարկված անձանց համար ֆինանսական պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակելու և մերժելու այն ապրանքները, որոնք ամերիկյան ֆինանսական համակարգը տրամադրում է ամբողջ աշխարհին:
Դա առաջին հերթին արտարժույթի հասանելիությունն է, ԱՄՆ դոլարի փոխանցումը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։ Պատժամիջոցների ենթարկված անձին արգելվում է օգտվել բանկային ծառայություններից, ինչպիսիք են Visa-ն կամ MasterCard-ը:
Պատժամիջոցների ծրագիրը ներառում է սահմանափակումներ մի շարք ուղղություններով.
-Ակտիվների սառեցում՝ բանկային հաշիվներ, անշարժ գույք, բաժնետոմսեր և այլն;
-Ճամփորդության և վիզայի սահմանափակումներ՝ պատժամիջոցների ենթարկված անձանց այլևս չի թույլատրվում մուտք գործել ԱՄՆ;
-Պատժամիջոցների ենթարկված անձանց հետ բիզնես վարելու արգելք՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է բիզնեսով զբաղվել և նրանց հետ ֆինանսական գործարքներ կատարել;
-Միջազգային մեկուսացում՝ պատժամիջոցներն անուղղակիորեն ազդում են նաև այլ երկրների վրա: Որպես կանոն, տարբեր երկրների իրավաբանական անձինք, հատկապես բանկերը, ձեռնպահ են մնում սանկցիայի ենթարկված անձանց ծառայություններ մատուցելուց և նրանց հետ բիզնես վարելուց։
Ցոմաիայի պարզաբանմամբ` այդ սահմանափակումը չի վերաբերում միայն կոնկրետ անձանց, վերաբերում է նաև այդ անձանց հետ առնչություն ունեցող ընկերություններին։ Հնարավոր է, որ լիազորված անձը ոչ թե ընկերության կառավարիչն է, այլ ընկերությունում բաժնեմաս ունի։
«Այս պահին միակ ելքն ընտրություններն են: Այն, ինչ կատարվում է այս պահին Վրաստանում՝ աբսուրդ է: Առաջիկա ընտրություններից է մեծապես կախված Վրաստանի ազատ և անկախ երկիր լինել-չլինելու հարցը»,- ամփոփեց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային կոմիտեի նախագահ Փադի Ասլիի՝ եթե պատժամիջոցներից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն այլ պատժամիջոցներ կիրառի Ազգային բանկի դեմ, ապա Վրաստանին առաջին հերթին կսպառնա տնտեսական մեկուսացում, այնուհետև դա կազդի ինչպես ԱՄՆ-ի հետ առևտրի գործընթացի, այնպես էլ ներդրումների ներհոսքի վրա, ինչը կհանգեցնի ազգային արժույթի արժեզրկման և երկրի սնանկացման։
«Ահա թե ինչ կլինի Վրաստանի հետ, եթե Վրաստանի Ազգային բանկը հրաժարվի ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից։ Վրաստանն առաջին հերթին կբախվի տնտեսական մեկուսացման՝ ԱՄՆ ֆինանսական համակարգ սահմանափակ մուտքի պատճառով։ Ազգային բանկի՝ ԱՄՆ դոլարով գործարքներ իրականացնելու անկարողությունը խիստ կսահմանափակի նրա հնարավորությունները միջազգային առևտրի և ֆինանսների ոլորտում»,- գրել է Փադի Ասլին։ Ըստ նրա, այս ամենին կհաջորդի երկրի պարտքային իրավիճակի և միջազգային վարկանիշների վատթարացումը։