Այն, ինչ արեց ԱՄՆ-ն` Վրաստանի կառավարության սխալ, վնասաբեր քաղաքականության հետևանքն է. ցավոք, վնասաբեր՝ ոչ միայն Վրաստանի և նրա միջազգային գործընկերների հարաբերություններում, այլև` Վրաստանի ապագայի, զարգացման ու անվտանգության: Ամփոփելով ԱՄՆ-ի կողմից վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին իրողությունը և դրան հաջորդած հայտարարությունները, «Ալիք Մեդիա»-ին ասաց արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին:
Ըստ Բիլանիշվիլիի՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Վրաստանի կառավարության սխալ քաղաքականության վառ ապացույցն է:
«Յուրաքանչյուր պետության ներսում էլ կոռուպցիոն ռիսկեր կան, այստեղ հարցն այն է` արդյո՞ք վրացական դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերն ավելացել են, թե՝ ոչ: Ելնելով ԱՄՆ-ի պատժամիջոցներից, պատասխանն արդեն պարզ է: Մի բան հստակ է՝ վրացական քաղաքականությունն ու իրավական դաշտը չեն զարգանում»,- ասաց Բիլանիշվիլին:
Նրա խոսքով, պատժամիջոցների սահմանումը՝ լինի անհատի նկատմամբ, թե՝ համընդհանուր, հարվածում է Վրաստանի վարկանիշին. յուրաքանչյուր պատժամիջոց «նպաստում է» միայն Վրաստանի նկատմամբ թերահավատության առաջացմանը:
Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, մակերեսային գնահատական կլինի, եթե ասի, որ Սպիտակ տունը հիմնվում է միայն կառավարության հակառակորդների տրամադրած տեղեկատվության վրա, և իրեն հասու չեն այլընտրանքային կարծիքները։ Նրա խոսքով, բանն այն է, որ Պետդեպարտամենտը քաղաքական կազմակերպություն է, ԱՄՆ-ը որոշակի քաղաքական շահեր ունի Վրաստանի դատական համակարգում. նման եզրակացության հիմքն ինքը տեսնում է վերջին իրադարձություններում:
Անջափարիձեի խոսքով, առաջին հայացքից ԱՄՆ-ը ցանկանում է Վրաստանի դատական համակարգը մոտեցնել արևմտյան չափանիշներին, մյուս կողմից` հստակ փորձեր են արվում ԱՄՆ-ի վստահությունը շահած մարդկանց ներգրավել դատական համակարգում.
«Ես չեմ ասում, որ դատական համակարգում խնդիրներ չկան։ Կան որոշակի կլաններ, որոնք փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի քաղաքական շահը վրացական դատարանի նկատմամբ, եթե դա կա` առողջ վերաբերմունք է»:
Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ՝ ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին. այդ դատավորներն են՝ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն:
Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառում մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։ Բլինքենը հայտարարության մեջ նշում է, որ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հանրային վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը տեսաուղերձում արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից չորս վրացի դատավորների պատժամիջոցների ենթարկմանը:
Դեգնանի խոսքով, Պետդեպարտամենտը, հիմնվելով հավաստի և համաձայնեցված տեղեկատվության վրա, պարզել է, որ նշված անձինք ներգրավված են եղել էական կոռուպցիոն գործունեության մեջ՝ չարաշահելով իրենց հասարակական դիրքը։ Ըստ դեսպանի՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն, պատժամիջոցների որոշումների հիմքում ընկած է կոռուպցիայի մասին արժանահավատ տեղեկությունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր նամակով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Նրա խոսքով` անհասկանալի և անընդունելի է դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը։