Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեֆյուի այցը Վրաստան հերթական անգամ ակտիվացրեց տեսակետները երկրում բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի հետաքննության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Չորեքշաբթի առավոտյան՝ հունվարի 17-ին, Վրաստան ժամանելուց հետո Նեֆյուի այցը սկսվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, ապա` շարունակվել պետական կառույցներում։ Նա հանդիպել է հակակոռուպցիոն գործակալության ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին, Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսի Բատիաշվիլիին, Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Բակուր Աբուլաձեին:
Հանդիպումներն անցել են դռնփակ, իսկ դրանց մանրամասն բովանդակությունը՝ կոնկրետ ինչ է քննարկվել այս կամ այն հանդիպմանը, հայտնի չէ։
Հասարակական կազմակերպությունները նշում են, որ Նեֆյուի հետ զրուցել են «ամեն ինչի» մասին, ինչն իրենք համարում են կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր։ Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի փոխտնօրեն Գիորգի Օնիանիի` իրենք խոսել են «կոնկրետ հարցերի, ռազմավարական թեմաների և ինստիտուցիոնալ լուծումների մասին»։
Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պապուաշվիլին Նեֆյուի հետ հանդիպման ժամանակ խոսել է «Վրաստանում վերջին բարեփոխումների մասին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին», «անդրադարձել է Վրաստանի առաջընթացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին և միջազգային վարկանիշներին, որոնք պատշաճ կերպով արտացոլում են Վրաստանի ձեռնարկած քայլերը»։
Քաղաքական կուսակցությունները բարձր են գնահատել Նեֆյուի այցը։ Ընդդիմադիր «Լելո»-ի ղեկավարներից Սաբա Բուաձեն ասել է, որ Վրաստանի գործընկերները «լավ են տեսնում այն կոռումպացված ենթակառուցվածքը, որը կառուցել է Բիձինա Իվանիշվիլին». «Այդ ենթակառուցվածքը հստակ երևում է Թբիլիսիի քաղաքապետարանի օրինակով, տապալված մրցույթների օրինակով և ամենուր»:
Ըստ Բուաձեի, հենց Բիձինա Իվանիշվիլին է կոռումպացված ենթակառուցվածքի ճարտարապետը:
«Վրացական երազանք»-ում ասում են, որ Վրաստանը «հաջողակ պետություն է հակակոռուպցիոն ուղղությամբ»։ Այս գնահատականի հեղինակը խորհրդարանական Միխեիլ Սարջվելաձեն է:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանություն չի արել այցի վերաբերյալ: Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պապուաշվիլիի հետ հանդիպմանը նա «շնորհավորել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը և դրական է գնահատել Վրաստանի ձեռք բերած առաջընթացը»։
«Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարը ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություններից է, և այդ ուղղությունը կարևոր է, որպեսզի ժողովրդավարությունը հնարավորինս լավ գործի։ Նա նշել է, որ իր այցի նպատակն է խթանել երկխոսությունը և փորձի փոխանակումը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- նշված է խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հարկ է ընդգծել, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի վերջին օրերին հրապարակած ուսումնասիրությունների համաձայն, Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկեր Վանո Չխարտիշվիլիի ընտանեկան ընկերությանը փոխանցված գույքի սեփականաշնորհման պայմաններում: Ինչպես նաև՝ իշխանությանը նվիրաբերող կազմակերպություններից պարզեցված գնումներ են իրականացվում:
Ի դեպ, Նեֆյուն Վրաստանից առաջ եղել է Հայաստանում։ Երևանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների, դատական համակարգի, քննչական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կլոր սեղանին։ Երևանում ևս նա մեկնաբանություններ չի արել: