
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ կապված հարցին։
Ըստ Դեգնանի՝ Սաակաշվիլիի վիճակը լուրջ է, և ԱՄՆ-ի ու շատ այլ երկրների կառավարությունները հետևում են իրավիճակին և մտահոգված են։
«Կառավարության պարտականությունն է համոզվել, որ պարոն Սաակաշվիլին ստանա իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը:
Կարծում եմ, բոլորս կենտրոնացած ենք այդ խնդրի վրա` առաջին հերթին հասկանալու համար, թե ինչ ախտորոշում է, ինչ է անհրաժեշտ, և արդյո՞ք կառավարությունը համապատասխան օգնություն է ցուցաբերում»,- ասել է Դեգնանը:
Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից երեկ հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։
Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներեն, այնուհետև ցույց է տվել, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։