
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահներ Նիկոլոզ Սամխարաձեի և Իրակլի Բերայայի հետ։
Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է դեսպանը՝ հանդիպմանը քննարկվել է վրացական պատվիրակության այցն ԱՄՆ։
«Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա, մենք խոսեցինք պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին։ Պատվիրակությունը հանդիպել է Կոնգրեսի, Պետդեպարտամենտի և քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ քննարկելու Վրաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները»,- ասել է Դեգնանը։
Ըստ Դեգնանի՝ հանդիպման ընթացքում քննարկել են նաև բազմաթիվ այլ հարցեր։
«Միացյալ Նահանգները և Վրաստանը, որպես կանոն, աշխատում են տարբեր կարևոր հարցերի շուրջ, և տարածաշրջանային լարվածության պայմաններում հատկապես կարևոր է սերտ շփումների պահպանումը»,- ասել է Դեգնանը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր