ԱՄՆ Սենատում երկկուսակցական օրինագծով՝ MEGOBARI Act-ով («Վրաց ժողովրդի ակտ») նախատեսված պատժամիջոցները խստացվել են: Օրինագծի նոր տարբերակը՝ «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ը, այլևս միայն վիզային ռեժիմի ազատականացման և ռազմական օգնության մասին հիշատակում չի պարունակում, այլ՝ բացի ռեժիմի ղեկավարներից, պատժամիջոցները կտարածվեն նաև նախարարների, պատգամավորների, օլիգարխի շրջապատի և ընտանիքի անդամների վրա։
Ըստ վրացի փորձագետների՝ MEGOBARI Act-ի հեղինակները դեռ մայիսին կոչ էին արել «Վրացական երազանք» կուսակցությանը հրաժարվել «ռուսական օրենք»-ի ընդունումից, սակայն հոկտեմբերի ընտրություններից հետո Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմը փակեց բանակցությունների բոլոր ուղիները. Վաշինգտոնը տեսավ՝ «Վրացական երազանք»-ը բացահայտ ռուսամետ ուժ է։
Փորձագետները փաստում են՝ ԱՄՆ ներկայիս դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է ամեն կերպ օգնել վրաց ժողովրդին, նրանց ժողովրդավարական նկրտումներին ու Վրաստանում վերականգնել ժողովրդավարությունը. դրա մասին են վկայում «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կիրառված պատժամիջոցներն ու նախաձեռնած օրինագծերը:
ԱՄՆ Կոնգրեսից ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նամակ է ուղարկվել, որտեղ նրան տեղեկացնում են «Վրացական երազանք»-ի «ավտորիտար կառավարման, ընտրությունների կեղծման» և «դեպի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ագրեսիայի առանցքի թեքման մասին»։ Նամակում ապագա պետքարտուղարից պահանջում են Վրաստանի քաղաքական և բիզնես դաշտում գտնվող թվարկված 25 մարդու նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ի կառավարության դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը շատ պարզ է, Վաշինգտոնում չեն հանդուրժի ժողովրդավարական հետընթացը. դա է խստացվող պատժամիջոցների ու օրինագծերի պատճառը:
«Մեկ բան հստակ է՝ Վաշինգտոնը վրաց ժողովրդին օգնում է վերականգել ժողովրդավարությունը. մի բան, որին տարիներ շարունակ ձգտում է վրաց ժողովուրդն ու քանիցս ապացուցել է բազմահազարանոց ցույցերով: «Վրացական երազանք»-ի դեմ Վաշինգտոնից սեղմվող օղակը հօգուտ վրաց ժողովրդի է», — ասաց Զաքարեիշվիլին:
Ընդդիմությունը կարծում է, որ MEGOBARI Act-ի ընդունումը միանշանակ կստիպի նահանջել Իվանիշվիլիին, «քանի որ սա է հիմնական հարվածը, որը տապալելու է համակարգը»։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկաշվիլիի խոսքով՝ Վրաստանի արևմտյան գործընկերները սկսել են կոնկրետ որոշումներ կայացնել, որպեսզի Վրաստանը չկործանվի։ Ըստ Ցիսկարիշվիլիի՝ «դրսից իրենք անում են առավելագույնը՝ ընդունելով այդ պատժամիջոցները»։
«Կոնկրետ որոշումներ են կայացվել Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի դեմ, որպեսզի թույլ չտան նրանց մուտքը միջազգային շուկաներ», — ասաց Ցիսկաշվիլին։
Ներկայում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, որը քննադատում է «Վրացական երազանք»-ին, իսկ համանախագահը դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն է, որ հայտնի է նաև Վրաստանում ժողովրդավարության անկման վերաբերյալ իր քննադատական հայտարարություններով։
Օրինագծի հաստատման համար կպահանջվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ապա՝ Սենատի հավանությունը: Հաջորդ փուլում պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։ Հունվարի 20-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը։ Օրինագիծը եթե ընդունվի, իրավական ուժ կունենա, հետևաբար կդառնա ԱՄՆ կառավարության քաղաքականություն:
Ի դեպ, կոնգրեսական Վիլսոնը հունվարի 5-ին X-ում գրել էր, որ «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ը պատրաստ է ներկայացվելու Կոնգրեսում։
Նախօրեին՝ հունվարի 4-ին, Վիլսոնը X-ում գրել էր, որ 119-րդ Կոնգրեսում կրկին ներկայացրել է MEGOBARI Act-ը կոնգրեսականներ Սթիվ Քոհենի, Ռիչարդ Հադսոնի և Մարկ Վեսիի հետ: MEGOBARI Act-ը մշակված է միաժամանակ երկու սցենարի համար. եթե երկիրը վերադառնա եվրաինտեգրման ուղի, ապա կտրամադրվի ռազմական օգնություն, տնտեսական հարաբերությունների խորացում, հակառակ դեպքում՝ էլ ավելի խիստ պատժամիջոցներ է խոստանում։