Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հարցում Վրաստանի դիրքորոշման մասին։ Դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցների շահերից չի բխում պատերազմի տարածումը Վրաստանում։
«Միացյալ Նահանգները մեծապես գնահատում է միջազգային ասպարեզում Վրաստանի աջակցությունը Ուկրաինային։ ԱՄՆ-ն ի սկզբանե վրացական իշխանություններին տեղեկացրել է, որ լիովին հասկանում է այն հատուկ իրավիճակը, որում Վրաստանը հայտնվել է Ռուսաստանի հարավային թևում՝ իր տարածքի 20 տոկոսի բռնակցման պայմաններում։ Մենք լիովին հասկանալով այն բարդ իրավիճակը, որում գտնվում է Վրաստանը, բարձր ենք գնահատում Ուկրաինային աջակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը», — ասել է դեսպանը։
Դեգնանը ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ ընթացող պատերազմը տարածվի Վրաստանում կամ որևէ այլ երկրում․ «Մենք երբեք չենք խոսել Վրաստանի կամ որևէ այլ երկրի հետ երկրորդ ճակատ բացելու մասին»։