Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գործող ընկերությունների, այդ թվում՝ Վրաստանում գործող երեք ընկերության նկատմամբ։ Դեկտեմբերի 17-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «սև ցուցակում» ընդգրկված են այն ընկերությունները, որոնք ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես սպառնալիք իր արտաքին քաղաքականության կամ ազգային շահերի համար։
Ընդհանուր հաշվով` «սև ցուցակում» հայտնվել են Չինաստանում, Թուրքիայում, Մալայզիայում և Վրաստանում գործող 37 ընկերություններ։ Տվյալների համաձայն՝ ցուցակում հայտնված ընկերությունները Իրանին ամերիկյան արտադրության արտադրանք են մատակարարում կամ փորձում են մատակարարել։
Ըստ ԱՄՆ-ի Առևտրի նախարարության` այս արտադրանքը կարող է նյութապես օգնել Իրանի պաշտպանական արդյունաբերությանը, որը խախտում է ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության պայմանները։
Վերոնշյալ համատեքստում պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանում գործող հետևյալ 3 ընկերությունների նկատմամբ.
- “SAEROS Safety ERO”
- “Gensis Engineering”
- “ROV Solutions”
Առևտրի նախարարության կողմից «սև ցուցակում» հայտնվելը արգելում է ամերիկյան ապրանքների մատակարարումը այդ ընկերություններին, մինչև ԱՄՆ-ի կառավարությունը չտրամադրի հատուկ լիցենզիա:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր