Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ։
Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, որը Փարցխալաձեին անվանում է ռուս-վրացական օլիգարխ, ով աշխատում է Ռուսաստանի տնտեսության կառավարման խորհրդատվական հատվածում։
ԱՄՆ գանձապետարանի տվյալներով՝ FSB-ի սպա Ալեքսանդր Օնիշչենկոն օգնել է Փարցխալաձեին՝ որպես իր հանցակից, ստանալ ռուսական անձնագիր և, հնարավոր է, Ռուսաստանի քաղաքացիություն։
«Օնիշչենկոն և FSB-ն օգտագործել են Փարցխալաձեին վրացական հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար՝ ի շահ Ռուսաստանի։ Ըստ տեղեկությունների՝ Փարցխալաձեն ևս անձնական շահ ունի FSB-ի հետ իր կապերից», — նշված է ԱՄՆ գանձապետարանի հրապարակած տեղեկության մեջ։
Փարցխալաձեի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել նաև ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակներում։