ԱՄՆ-ը կոչ է անում «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչը պաշտոնապես ամրագրել

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը հետ կանչելու խորհրդարանական մեծամասնության որոշումը և կոչ է անում «Վրացական երազանքին» պաշտոնապես ամրագրել այս փաստը, քանի որ այն չի համապատասխանում վրացական և եվրատլանտյան արժեքներին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ հստակ ասաց, որ Վրաստանի միակ ընտրությունը անվտանգ և բարեկեցիկ եվրոպական ապագան է։

Փրայսն ասել է՝ ԱՄՆ-ն Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում միասին աշխատել բարեփոխումների վրա, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, որը ցանկանում է վրաց ժողովուրդը։

«Ոչ միայն վերջին մի քանի շաբաթների, այլև տասնամյակների ընթացքում վրաց ժողովուրդը շատ հստակ արտահայտվել է, որ ցանկանում է ժողովրդավարական, բարգավաճ և եվրաատլանտյան տարածաշրջանին ինտեգրված Վրաստան: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի լինել նրանց գործընկերն այս ձգտումներում»,- ասել է Փրայսը։

Ի դեպ, այսօր՝ ժամը 11:45-ին, տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը, իսկ ժամը 12:00-ին՝ լիագումար նիստը։

Սրանք այն պահանջներն էին, որոնք ցուցարարները ներկայացրել էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, երբ պարզ դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Մարտի 9-ին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները և ընդդիմադիր գործիչները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում պահանջեցին:

Ավելի ուշ՝ իշխող կուսակցությունը բավարարեց ցուցարարների պահանջներն ու հայտարարեց բյուրոյի և լիագումար նիստերի մասին:

Բողոքի ակցիան կշարունակվի նաև այսօր: