Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Կրեմլի որոշումը, որով Ռուսաստանը սահմանափակում է վրացական ccentnews.ge լրատվական պարբերականի հասանելիությունը։ Տեղեկությունը տարածում է accentnews.ge-ն։
«ԱՄՆ-ը դատապարտում է Կրեմլի գործողությունները՝ թույլ չտալու ռուս ժողովրդին մուտք գործել միջազգային լրատվական կայքեր։ Ռուսաստանի կառավարությունը նաև խափանում է Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի հարթակների աշխատանքները, որոնց վրա հենվում են տասնյակ միլիոնավոր ՌԴ քաղաքացիներ՝ անկախ տեղեկատվության և կարծիքներ ստանալու, ինչպես նաև միմյանց և արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար», — ասել է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Ըստ խոսնակի՝ «այս մասնակի շրջափակումն ավելի է սահմանափակում Ռուսաստանի քաղաքացիներին, թե որտեղից և ինչպես կարող են տեսնել և կիսվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ճշմարտացիության ապացույցներով»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պետական դաշտը վերահսկող «Ռոսկոմնադզորը» սպառնացել է արգելափակել այլ առցանց հարթակներ ևս, եթե նրանք չկատարեն պատերազմը լուսաբանելուց հրաժարվելու Պուտինի խնդրանքը.
«Ռուս ժողովուրդն արժանի է ճշմարտության հասանելիության։ Նրանք իրավունք ունեն իմանալու այն զոհերի, տառապանքների և ավերածությունների մասին, որոնք իրենց կառավարությունը հասցնում է ուկրաինացի ժողովրդին։
Մենք կոչ ենք անում Պուտինին և նրա կառավարությանը հարգել Ռուսաստանի միջազգային պարտավորությունները, անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և հարգել նրա քաղաքացիներին և մարդու իրավունքները»։
Նշենք, որ Վրաստանում գործող accentnews.ge լրատվական գործակալությունը «Ռոսկոմնադզորից» ծանուցում է ստացել «տեղեկատվության տարածման կանոնների խախտման մասին», որը, ինչպես նշված է կից պարզաբանման մեջ, հիմնված է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշման վրա։
Կարդացեք նաև՝