Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը: Այդ մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, որը ֆեյսբուքյան էջով տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում և սգում է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը: Այս մահը վառ օրինակ է այն ավերածությունների, որոնք Ռուսաստանը պատճառում է Վրաստանին և այլ ինքնիշխան տարածքներին իր հետևողական օկուպացիայի միջոցով», — ասել է Միլլերը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով, Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում՝ փորձելով ապօրինի ձերբակալել տեղի բնակչին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները սպանել են Վրաստանի մեկ քաղաքացու։
Միջադեպից հետո Թբիլիսին խնդրել է անցկացնել տեխնիկական հանդիպում, որին կմասնակցեն ռուսական օկուպացիոն ուժերի, օկուպացված Ցխինվալիի շրջանի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է և այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։