ԱՄՆ-ը դադարեցրել է ՍԴ-ի ամառային դպրոցի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը դադարեցրել է Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը: Այս տեղեկությունը Publika լրատվամիջոցին հաստատել են Սահմանադրական դատարանից (ՍԴ):

ՍԴ-ից հայտնել են՝ այս նախագիծն այս տարի այլևս չի ֆինանսավորվի, քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, «ժամանակավորապես ձեռնպահ է մնացել ֆինանսավորումից»:

Ըստ նրանց՝ այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական խորհրդի կողմից, սակայն Եվրոպական խորհրդի կողմից ծրագրի ֆինանսավորման դադարեցման մասին որևէ հաղորդում չի եղել, և դա արվել է միայն USAID-ի կողմից։

ՍԴ կայքում նշված տեղեկության համաձայն՝ ՍԴ ամառային դպրոցի նպատակն է «բարձրացնել ապագա իրավաբանների մասնագիտական ​​գիտելիքները սահմանադրական և մարդու իրավունքների ոլորտում»։ Ամառային դպրոցն անցկացվել է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորվող «Դատական ​​բարեփոխումների աջակցություն Վրաստանում» ծրագրի և USAID-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն օրենքի գերակայությանը Վրաստանում» (EWMI/PROLoG) ծրագրի աջակցությամբ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում կայացած ճեպազրույցում անդրադարձել է այա հարցին:

«Վրաստան պետությունը գործում է այն բյուջեով, որը կազմվում է վրաց ժողովդի կողմից։ Մենք միշտ ողջունում ենք նրանց, ովքեր ցանկանում են մաս կազմել տարբեր զարգացումների, այդ թվում՝ սեփական շահերից ելնելով: Երբ դա դառնում է վրաց ժողովրդի դեմ շանտաժի գործիք, դա ճիշտ մոտեցում չէ»,- ասել է Պապուաշվիլին։

Ի դեպ, օգոստոսի 6-ին Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հաստատել է, որ Լուգարի ​​լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին (NCDC) տրամադրվող ԱՄՆ-ից մոտ 2 մլն լարիի ֆինանսավորումը կասեցվել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանի կառավարությանն ավելի քան 95 մլն դոլարի ուղղակի օգնությունը։ Որոշման պատճառ է դարձել վրացական ժողովրդավարության անկումը և Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը։