Իշխանամետ համարվող «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն անդրադառնալով վրացի դատավորների իմպիչմենտի հարցին, ասել է, որ Վրաստանը կարող է հետաքննություն սկսել ցանկացած տեղեկատվության կամ մեղադրանքի վերաբերյալ. ԱՄՆ-ն արել է այն, ինչ պահանջում է ամերիկյան օրենքը:
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ վրացի չորս դատավորների նկատմամբ վիզային պատժամիջոցները հիմնված են այն տեղեկատվության վրա, որը հասանելի է հանրությանը, հայտնի է եղել տարիներ շարունակ:
«Պետքարտուղար Բլինքենի կողմից նախօրեին հայտարարված վիզային պատժամիջոցները արվել են ԱՄՆ օրենսդրության համաձայն, արվել են այն բանից հետո, երբ մենք բավարար ապացույցներ ունեինք, որ նրանք ներգրավված են կոռուպցիոն գործարքների մեջ»,- ասել է Դեգնանը:
Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ՝ ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին. այդ դատավորներն են՝ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն:
Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառում մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։ Բլինքենը հայտարարության մեջ նշում է, որ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հանրային վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։
ԱՄՆ-ի պատժամիջոցները Վրաստանի կառավարության վնասաբեր քաղաքականության հետևա՞նք. կարծիքներ