Կառավարությունը պետք է հստակ իմանա, թե ում հետ պետք է համագործակցի, երբ խոսքը վերաբերում է երկրի համար կարևոր ենթակառուցվածքներին, radiotavisupleba.ge-ի փոխանցմամբ՝ իր առաջին հարցազրույցում՝ խոսելով Անակլիա նավահանգստի կառուցման կարևորության մասին, ասել է Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբին Դաննիգանը:
Ըստ նրա՝ Վրաստանը պետք է ապահովի, որ այս գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ, և, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր ենթակառուցվածքներին, ինչպիսիք են նավահանգիստները:
«Ինչ վերաբերում է Անակլիային, ապա այս նավահանգստի զարգացումը կլինի Վրաստանի լուրջ ջանքերի կարևոր տարրը՝ այս երկիրը Միջին միջանցքում կարևոր հանգույց դարձնելու գործում, որն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Թե ում կընտրի կառավարությունը այս նավահանգստի զարգացման համար, իր ինքնիշխան որոշումն է»,- ասել է դեսպանը:
Հարցին՝ թե ԱՄՆ-ի համար ի՞նչ է նշանակում Վրաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, դեսպանն ասել է. «Ես ազնիվ կլինեմ. երբ ասում եմ, որ մենք հարգում ենք Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա այն է, ինչ մենք նկատի ունենք՝ մենք իսկապես հարգում ենք Վրաստանի ինքնիշխանությունը…
Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերությանը, ապա նշեմ միայն, որ այդ պայմանագրում Վրաստանը միանշանակ ճանաչում է Չինաստանի ինքնիշխանությունը, սակայն Չինաստանի կողմից Վրաստանի նկատմամբ նման մոտեցում մենք չենք տեսնում։ Միևնույն ժամանակ, սա մի երկիր է, որը գնալով ավելի է մոտենում Ռուսաստանին։ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը…»,- ասել է Դաննիգանը։
Ի դեպ, 2023 թվականի հուլիսին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Պեկին կատարած այցի ընթացքում Վրաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն հրապարակեցին ռազմավարական գործընկերության ստեղծման վերաբերյալ։