ԱՄՆ դեսպանը հուսով է՝ Վրաստանի խորհրդարանը քննչական հանձնաժողով կստեղծի

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն անդրադարձել է Վրաստանի դատարանի վերաբերյալ խորհրդարանում ժամանակավոր հետաքննող հանձնաժողով ստեղծելու խնդրին և նշել, որ դա քաղաքացիներին իրազեկելու լավ մեխանիզմ է, որը կիրառում են նաև այլ երկրների խորհրդարաններ։

Խորհրդարանը փորձում է ստեղծել հետաքննող հանձնաժողով՝ որպես Վրաստանի ժողովրդի համար կարևոր հարցերի վերանայման մեխանիզմ` առավել շատ թափանցիկության և տեղեկատվության նպատակով, ինչը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի տեղեկացված լինել։

«Այս մեխանիզմի ստեղծման դրդապատճառը քաղաքացիներին հնարավորինս շատ տեղեկատվության տրամադրումն է. կարծում եմ, սա շատ օգտակար միջոց է, որն օգտագործում են շատ խորհրդարաններ, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսը, և հուսով եմ, որ այդ գործիքը կկիրառեն Վրաստանի խորհրդարանն ու խորհրդարանի անդամները»,- ասել է Դեգնանը:

Ի դեպ, խորհրդարանի ընդդիմությունը ցանկանում է ստեղծել ժամանակավոր հետաքննող հանձնաժողով՝ խորհրդարանում դատավորների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով, թեև խորհրդարանական մեծամասնությունը երեք անգամ հրաժարվել է գրանցվել լիագումար նիստում՝ ի նշան «դատավորների հետ համերաշխության»։ Արդյունքում քվորում չի ապահովվել դատաիրավական համակարգում կոռուպցիոն և այլ ապօրինի գործողություններն ուսումնասիրող քննչական հանձնաժողով ստեղծելու համար։

Հանձնաժողովի ստեղծման մասին բանաձևի քվեարկության համար անհրաժեշտ էր պատգամավորների կեսից ավելիի գրանցումը (առնվազն 76 հոգի), ինչն անհնար էր առանց խորհրդարանական մեծամասնության։

Քննչական հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ էր առնվազն 50 ձայն: