ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լևան Դավիթաշվիլիին

«Վրացական երազանք»-ի կառավարության էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։ Տեղեկությունը, որին կցված է հանդիպման լուսանկարը, տարածել է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` կողմերը քննարկել են ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարած տնտեսական առաջնահերթությունները և համագործակցության հարցեր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նորարարության և տեխնոլոգիաների, առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի, «Միջին միջանցք»-ի, նաև էներգետիկ ոլորտում ներդրումների և համագործակցության խրախուսման հարցերը:

Վրաստանում ԱՄՆ դեսպանը մի քանի շաբաթ առաջ հանդիպել է նաև «Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հանդիպման մասին տեղադրված հաղորդագրության տակ մարդիկ դժգոհ մեկնաբանություններ էին գրել։

Չնայած այն հանգամանքին, որ Դավիթաշվիլին «Վրացական երազանք»-ի կառավարությունում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 28-ից, նա դեռ չէր հանդիպել ԱՄՆ դեսպանին։

2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի գլխավորած նախարարների կաբինետին։ Ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և Վրաստանի հինգերորդ նախագահը չեն ճանաչում գործող խորհրդարանի, կառավարության և նախագահի լեգիտիմությունը։ Գործընկերները նույնպես հարցեր ունեն:

«Վրացական երազանք»-ի կառավարությանը վստահության քվեից հետո Վրաստանում նոր ընտրությունների պահանջով զանգվածային ցույցեր են անցկացվում։ Իր թիմին վստահություն հայտնելուց հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ առաջիկա չորս տարիների ընթացքում «Վրացական երազանք»-ն այլևս չի լինի Եվրամիության հետ բանակցությունների նախաձեռնողը։ Այդ հայտարարությունը մարդկանց փողոց դուրս բերեց. հանրահավաքները շարունակվում են ավելի քան չորս ամիս։ Այս ընթացքում ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել քրեական, հարյուրավոր՝ վարչական օրենսդրությամբ։