ԱՄՆ դեսպանատունը՝ ISFED-ի վերաբերյալ իշխանական ապատեղեկատվության մասին

Լուսանկարը՝ netgazeti.ge-ի

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերաբերյալ ապատեղեկատվական նարատիվին:

Դեսպանատան հայտարարության վերնագրում ասվում է. «Ինչո՞ւ է «Վրացական երազանք»-ը վտանգի տակ դնում Ամերիկայի հետ գործընկերությունը 1,8 տոկոսի պատճառով»։

«Ի պատասխան «Վրացական երազանք»-ի կողմից հաճախակիացած կեղծ հայտարարությունների, թե ISFED հասարակական կազմակերպությունը 2020 թվականին պետական ​​հեղաշրջման փորձ է կատարել, նշում ենք՝ ISFED-ի տվյալներով՝ 2020 թվականի ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակը հաստատվել է ի սկզբանե»,- նշված է հայտարարության մեջ:

Ի դեպ, 2020 թվականի ընտրություններում ISFED-ի զուգահեռ հաշվարկով (PVT) «Վրացական երազանք»-ի ստացած ձայների տոկոսը կազմել էր 45,8 տոկոս, ուղղումից հետո՝ 47,6 տոկոս։ Տարբերությունը կազմում էր 1,8 տոկոս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը ստացել էր 48,2 տոկոս, ինչը 0,4 տոկոսով ավելի էր ISFED-ի զուգահեռ հաշվարկի տվյալներից։

ISFED-ի կողմից ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքների վերաբերյալ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ «արմատական ​​ընդդիմությունը» «կոպտորեն շահարկել» է զուգահեռ հաշվարկի արդյունքները և դա համարել «հեղափոխական սցենարի» հիմնական հենասյունը։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններից «Վրացական երազանք»-ը կրկին առաջ է քաշել ISFED-ի հետ կապված հիշյալ ապատեղեկատվությունը:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում թռուցիկներ է հրապարակում՝ ի պատասխան «Վրացական երազանք»-ի քարոզչության և կեղծ մեղադրանքների (1, 2):