ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով օգնական Կարա Մակդոնալդը այսօր հանդիպել է Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀԿ ներկայացուցիչների խոսքով, հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակի, երկրում մեդիա միջավայրի և դատական համակարգի հետ կապված խնդիրների ու մարտահրավերների մասին։
Վրաստանի լրագրողների խարտիայի տնօրեն Մարիամ Գոգոսաշվիլին նշել է, որ Մակդոնալդի հետ զրուցել են լրագրողների ֆիզիկական անվտանգության և լրատվամիջոցների ղեկավարների դեմ քրեական գործերի մասին:
Ըստ Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն (ISFED-ի) ՀԿ-ի գործադիր տնօրեն Նինո Դոլիձեի՝ Մակդոնալդը ելույթ ունենալով ՀԿ-ների հետ, ասել է, որ չնայած խնդիրներին, Միացյալ Նահանգներն աջակցում է վրաց ժողովրդին, բայց անհանգստացած է Վրաստանում ժողովրդավարության որակի վատթարացմամբ:
Կարա Մակդոնալդը Վրաստանում կմնա մինչև հունիսի 13-ը։ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ բացի հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից, այցի ընթացքում նա կհանդիպի կառավարության և ընդդիմության առաջնորդների հետ։
«Մակդոնալդը վերահաստատում է Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին և ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը այս ճանապարհն առաջ տանելու համար», — ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ: