Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ սենատորներ Ջին Շահինին և Դիկ Դուրբինը հանդիպել են վրացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Քաղաքացիներ», «Հանուն Վրաստանի», «Ժամանակն է», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ներկայացուցիչները։
Հանդիպումից հետո «Լելոյի» առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլին նշել է, որ սենատորների հետ քննարկել են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին անհրաժեշտ առաջարկությունների կատարման, ինչպես նաև անվտանգության մարտահրավերների և «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի ազատազրկման մասին հարցերը.
«Սենատորների հետ խոսել ենք երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Նրանք, ինչպես Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, հիասթափված են, որ երկիրը չստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են կատարվում Եվրամիության պահանջները, խոսեցինք անվտանգության մարտահրավերների, երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին»,- ասել է Սամադաշվիլին։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն նշել է, որ սենատորների հետ քննարկել են անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ինչպես նաև «Ժողովրդի ուժ» շարժման նախաձեռնած օրինագիծը «օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին․
«Ընդդիմության ներկայացուցիչները միաձայն էին, որ պետք է խորհրդարանում կանգնեցնել օրինագծի շուրջ քննարկումները, քանի որ այն աներկբայորեն կազդի Վրաստանի եվրոպական ապագային»։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։
Կարդացեք նաև՝