Ռուսաստանի դեմ ամենամեծ պաշտպանությունը սևծովյան տարածաշրջանի ամուր ժողովրդավարական ինստիտուտներն են։ Այս մասին հայտարարել է սենատոր Ջին Շահինը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քննարկումից հետո:
«Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը պետք է շարունակեն հակազդել Ռուսաստանի գործողություններին՝ ուժեղացնելով անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի արտացոլվի ժողովրդի կամքը՝ նրանց ավելի մոտեցնելով տրանսատլանտյան հասարակությանը», — ասել է սենատոր Ջին Շահինը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցը։ Սենատոր Շահինն ասել է, որ սևոծովյան տարածաշրջանն անդրատլանտյան ընդլայնման առումով Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության թեժ կետն է։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ Շահինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում ուղղված են ՆԱՏՕ-ի ընդլայնումը կասեցնելուն և Սև ծովում սեփական վերահսկողությունը մեծացնելուն։ Ամերիկացի բարձրաստիճան օրենսդիրը կարծում է, որ Ռուսաստանը դա անելու համար պատրաստ է օգտագործել տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը։
Սենատորը վստահեցրել է՝ ինքն ականատես է եղել Ռուսաստանի վնասաբեր մտադրությունների օրինակներին՝ հունիսին Ուկրաինա եւ Վրաստան կատարած այցի ընթացքում։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր