Ամերիկացի կոնգրեսականը պահանջում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոենը պահանջում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։ Նա հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը կեղծ մեղադրանքներով է ձերբակալել «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադրին։

«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղբանտարկյալների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ես ուշադիր հետևում եմ Վրաստանի Հանրապետությունում Մզիա Ամաղլոբելիի գործին։ Մզիան լրագրող է, նա ձերբակալվել է «Վրացական երազանք»-ի կառավարության կողմից շինծու մեղադրանքներով: Բանտում նա իրեն լավ չի զգում, կառավարությունը պետք է նրան ազատ արձակի»,- X սոցիալական հարթակում գրել է Սթիվ Քոենը։

Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

Ամաղլոբելին հացադուլ է սկսել 2025 թվականի հունվարի 12-ին, երբ դեռ գտնվում էր Բաթումիի քննչական մեկուսարանում։ Ազատազրկման դատապարտվելուց հետո նա պահվում է Ռուսթավիի 5-րդ քրեակատարողական հիմնարկում։